Ecrittératures

4 décembre 2021

Հայկական ցեղասպանության փոքրիկ հանրագիտարան

Filed under: GENOCIDE ARMENIEN — denisdonikian @ 6:11

350

Անդրանիկի վերջին խմբակային լուսանկարն իր զինակիցների հետ Էջմիածնում, 1919թ.: 1919թ. մարտ և ապրիլ ամիսներին Անդրանիկը իր զինված խմբի ուղեկցությամբ հասնում է Արարատյան դաշտ և կանգ է առնում Էջմիածին քաղաքի մոտ: Նա հրաժարվում է իշխանությունների հրավերով Երեւան գնալ. Հանձնում է զենքերը Էջմիածնի կաթողիկոսին, իսկ ապրիլի 27-ին իր զինակիցների մի մասը գնում է Թիֆլիս, մյուս մասը՝ Փարիզ։ Ըստ Եղիկ Ջերեջյանի՝ «Ս. Վահագն (Գրիգոր Նալբանդյան)», «Hrasirdnere Փարիզ, ըստ Եղիկ Ջերեջյանի՝ « Գրքերի սերիալ, N ° 2, Բեյրութ, 2017 թ․, էջ 172։

(Հեղինակի անձնական արխիվ. © Լուսանկարը՝ գրքում)  

*

Գրիչն օգտագործել ընդդեմ ոճրագործության

*

Իր «Հայկական ցեղասպանության փոքրիկ հանրագիտարան»-ում (Geuthner հրատարակչություն, Փարիզ) Դընի Դոնիկյանը ներդրել է գրողի իր ողջ տաղանդը ցեղասպանության մանրակրկիտ պատմությանը ծառայեցնելու գործին։ Տիտանական մի աշխատանք, որը դուրս է հանում բացառիկ 600 էջի մեջ։

*

Հարցազրույց Արա Թորանյանի հետ
(Nouvelles d’Arménie Magazine N° 290, դեկտեմբեր, 2021 թ․)

 

 *

Nouvelles d’Arménie : Ցեղասպանության մասին հանրագիտարան ստեղծելու գաղափարն ինչպե՞ս մտահղացաք։

Դընի Դոնիկյան : Ճիշտն ասած,  հանրագիտարան ստեղծելու գաղափարը նույնիսկ այն ժամանակ մտքումս չի ծագել, երբ կազմել եմ ցեղասպանության թեմայի վերաբերյալ իմ առաջին քարտարանը։ Մի օր, երբ դուրս եկա ամբողջովին նորաստեղծ «Collectif Van-ի ժողովից, այդ ժամանակ միայն հասկացա, որքան են նյութի հստակության պակասի պատճառով ցեղասպանության թեմայի շուրջ մեր զրույցները վերածվում շաղակրատանքի և, ընդհանուր առմամբ, հայերն իրենք նույնպես հաճախ անկարող են սահմանել մի բառ, որ առնչվի պատմությանը կամ իրավական բովանդակությանը։ Եվ հենց այնպես օդի մեջ օգտագործելով այն, նպաստում են կրքերի սրմանը, մթագնում են ամեն տեսակի երկխոսություն, ձևափոխելով ցեղասպանության իմաստը սեփական  կարծիքով, ջուր ավելացնելով ժխտողականների ջրաղացին։ Այսպիսով, կարևոր էր դառնում ստեղծել ճշգրիտ մի միջոց, որը թույլ տար բանականության հետ  խոսել բանականորեն, եթե իսկապես դեռևս աշխարհում գոյություն ունի բանականություն ամենաճիշտ առումով, կիսելու համար միակ մի բան, երբ խոսքը վերաբերում է ժխտողականության բանականությանը։

Այս առաջին քարտարանի մշակումը ներշնչել էր ինձ շվեցարական «Հանդիպում» (Rencontre) հրատարակչության հրատարակումը, որը լույս էր տեսնում 60-ական թվականներից, «Ժամանակակից աշխարհի հանրագիտարան» վերնագրով։ Դա վերաբերում էր դակված այն թերթիկներին, որոնք ընդգրկում էին 5, 6 և երբեմն 7 թվարկումներ, պարբերություններով ու համառոտագրումներով՝ որևէ փաստի, հաստատության, ինչ-որ գրքի, կենսագրության կամ այլ կարևոր նյութերի մասին։ ժամանակի ընթացքում հասկացա, որ սա կարող էր նախատիպ լինել ինձ համար՝ նույն կերպ ծառայեցնելու ցեղասպանության մասին անորոշ մի ծրագրի գրանցումը։ Քանի որ ցանկանում էի այս շխատանքը հանրայնացնել, օգտվեցի մի բարեպատահությունից, որ «Լը Մոնդ» (Le Monde) լրագիրը իր բաժանորդներին նվիրատվություն էր անում՝ բլոգ տրամադրելով։ Եվ այն պահից, երբ հարկավոր էր մի վերնագիր գտնել, հանրագիտարան բառն իսկույն ներկայացավ իմ գլխում, այսպիսով ինձ հրավիրելով գործադրել ընտրված մեթոդը՝ Հայկական ցեղասպանության վերաբերյալ այլ թեմաների հետ առնչելով։ Դա հանգեցնում էր նրան, որ կերտվում էր իսկական մի հանրագումար այն ամենի հանդեպ, որ հարյուր տարուց ավելի ցեղասպանության խնդրի շուրջ ասվել, գրվել, մտածելու առիթ էր տվել և իրականացել էր։ Ինչու՞ «փոքր», կհարցնեք ինձ։ Նախ, չէի ենթադրում, որ կարելի է սպառել նյութը, այնքան որ այդ ցեղասպանության հրեշավոր բնույթը պահանջում էր մասնագետներ գտնել և ուսումնասիրություններ կատարել, որ վեր է մեկ մարդու ջանքերից, հնարավորություններից։ Սակայն նաև մեղմացնելու հանրագիտարան բառի ակադեմիական բնույթը և ցանկություն առաջացնելու հանդարտորեն սուզվել անցյալի վերաբերյալ տեղեկությունների զանգվածի մեջ, որ հայ ընթերցողին նպաստել է հեռվից, թե մոտից՝ կռելու սեփական մտայնությունն ու ճակատագիրը։

Nouvelles d’Arménie : Տվյալ հարցի կապակցությամբ ինչո՞վ է այս գործը տարբերվում մյուս ստեղծագործություններից։

Դընի Դոնիկյան : Հարցն այն է, որ այս աշխատանքում ցեղասպանությունը չի սահմանափակվել իր պատմական էպիկենտրոնով։ Նույնիսկ, եթե պատմական փաստը սահմանում է հիմքը, նրա յուրատեսակությունն այն է, որ հետաքրքրություն է ցուցաբերում հետևանքների հանդեպ բախվող ալիքներով, որ չեն դադարել պարփակել XX դարը, բոլոր բնագավառներով հանդերձ․ նկատի առնելով, անշուշտ, պատմությունը, ինչպես նաև մարդաբանությունը, իրավունքը, քաղաքականությունը, հոգեբանությունը, հոգեվերլուծությունը, փիլիսոփայությունը, արվեստը․․․։ Չմոռանալով, օրինակ, ժխտողականությունը, որ այսօր դեռ ծանր է անդրադառնում որքանով անհատների, նույնքանով միջազգային հարաբերությունների վրա։ Բացի դրանից, գրքի վերջում, ոգեկոչում եմ ցեղասպանությունները, որոնք իրականացել են 1915 թվից անմիջապես առաջ և դրանից հետո երկար ժամանակ անց։ Այսպիսով, ընթերցողը կկարողանա Հայկական ցեղասպանության հարցը դնել նոր իրադրության հարթակի վրա, համատեղելով այլ տեսակի բնաջնջումների հետ։

Nouvelles d’Arménie : Որոնք են եղել այն դժվարությունները, որոնց հետ բախվել եք։

Դընի Դոնիկյան : Հիմնականում գրավոր աշխատանք՝ անդադար կծկվելու, պարզություն մտցնելու և իսկության վրա հսկողություն սահմանելու աշխատանք։ Բայց նաև ցեղասպանական դժոխքի լաբիրինթոսը փոխարինելու պաղ և հիմնավորված ճարտարապետությամբ։ Եվ փաստորեն, ընդհանուր կառուցվածքը քիչ-քիչ ի հայտ եկավ միայն դրա մշակումից հետո, քանի որ ինձ անհրաժեշտ էր դրանց հետ շաղկապել ցեղասպանության բոլոր կողմերը, լիովին լրացնել բացերը և մի կողմ թողնել թեմայից դուրս գտնվող հարցերը։ Անդադար մտահղացման վարժություն, որի արդյունքը հեռու է կատարյալ լինելուց։ Սակայն նույնիսկ, եթե գիտակցում եմ, որ այդ սինթեզը մնում էր անխուսափելիորեն թերի, հիմնականն այն էր, որ տեղեկությունների ծավալի ու որակի միջև հասնեի որոշակի հավասարակշռության։ Ափսոսում եմ, որ ժամանակի սղության պատճառով որոշ փաստեր դուրս են մնացել, ինչպես նաև կարևոր մասնագետների անուններ, թվում է, մոռացության են մատնվել (ներողություն եմ խնդրում նրանցից), բայց կարող եմ վստահեցնել, որ միակ նպատակս է եղել հաշվի նստել ցեղասպանության հետ, այսինքն, մատչելի դարձնել դրա ամբողջականությունը։

Nouvelles d’Arménie : Ի՞նչն է երաշխավորում փաստերի իսկությունը, որ փոխանցում եք։ Որո՞նք են ձեր օգտագործած ակունքները։

Դընի Դոնիկյան : Անիմաստ է ասել, որ չենք կարող թեթևամտորեն վերաբերվել նույնքան լուրջ մի թեմայի, որպիսին ցեղասպանությունն է։ Եթե գրողը կարող է թույլ տալ իրեն հնարանքների դիմել, երևակայությանը ամեն տեսակի ազատություն տալ, այս ժանրի վարժանքը ստիպում է փաստ ներկայացնել, միմիայն փաստ։ Այնինչ, ենթադրում է, թե յուրաքանչյուր տեղեկագրական թերթիկ վկայում է խորին հարգանք իրականության հանդեպ, այնպիսին, ինչպիսին զգացել են ականատեսները, ինչպիսին քննության են ենթարկել պատմաբանները կամ վերարտադրել են տարբեր հեղինակներ։ Այն ժամանակից, ինչ սկզբունքը առավելություն է տալիս փաստին, դառնում է առաջնահերթություն, ես, բնականաբար, ուղեկցվել եմ՝ հրաժարվելով այն ամենից, ինչ բխում է սուբյեկտիվությունից, ընդունել եմ չոր ոճ, որպեսզի ավելի մոտ մնամ իրականությանը։ Նույնիսկ երբեմն՝ գրական կամ ավելի ընդհանուր ձևով գեղարվեստական ստեղծագործությունների վերլուծությունների ժամանակ։ Իրականում, այս հանրագիտարանի գերագույն նպատակներից մեկն իրոք հուսալիությունն էր։ Ուրեմն, ինչ որ ասվել է այդ տեղեկագրական թերթիկներում, ինձ չի պատկանում, քանի որ նյութերի ակունքները կազմվում են հենց առաջին ակունք նյութերից։ Դրանցից յուրաքանչյուրը հենվում է երբեմն ուղղակի վկայությունների, երբեմն՝ պատմվածքների, հանգամանալից հոդվածների կամ հռչակավոր մասնագետների կողմից շարադրված ակադեմիական աշխատությունների վրա։ Ընդհանուր առմամբ սա է պատճառը, որ միշտ նշում եմ աղբյուրը տեղեկագրական քարտի սկզբում։ Այդ ակունքները բազմաթիվ են։ Բայց Պատմության տեսանկյունից ինչպե՞ս չընդունել Թաներ Ակշամին, Ռեմոն Գևորգյանին, Իվ Թերնոնին, Օնիկ Ժամկոչյանին, Էթյեն Քոփոյին և ուրիշների։ Փիլիսոփայության ասպարեզում՝ Մարկ Նշանյանին։ Հոգեվերլուծության բնագավառում՝ Ժանին Ալթունյանին կամ Էլեն Փիրալյանին։ Ավելացրել եմ սրանց ժամանակակից հրատարակումները, դիմել եմ դարաշրջանի աշխատություններին, երբեմն անհասանելի հազվագյուտ գրքերի, որոնք հայտնաբերել եմ բուկինիստների մոտ և որոնք լույս են տեսել 1915 թվից անմիջապես առաջ կամ հետո։

Nouvelles d’Arménie : Ու՞մ և ինչի՞ են ծառայելու այդ տեղեկագրական քարտերը։ Այս տեսակի ձևաչափը համապասխանու՞մ է նյութի լրջությանը։

Դընի Դոնիկյան : Ճշգրիտ լինելու համար ասեմ, որ ցեղասպանության մասին այս գրքում շաղկապվում են փաստաթղթերի երեք տեսակներ․ պատկերներ, մեջբերումներ և տեղեկագրական քարտեր։ Այս տեսականիները խուսափել են տալիս ֆայլերի  ձանձրալի կուտակումից և թույլ են տալիս էջերը թերթելու ընթացքում խնայել շնչառությունը։ Սկզբունքն այն է, որ յուրաքանչյուր էջում կա՛մ կարող է լինել մեկ տեղեկագրական քարտ, կա՛մ մի նկար, կա՛մ մի մեջբերում։ Այն ինչը, որ ճշգրտորեն վերաբերում է ժամանակի լուսանկարներին, որ անվճար մեզ է հատկացրել Ռոբերտ Թաֆանկջյանը, դրանցից որոշները իրոք հազվագյուտ են։ Մեջբերումների նպատակն է համառոտ կերպով լուսաբանել որևէ փաստ կամ տեղին արտահայտված մտածողություն որևէ թեմայի շուրջ, որ օգտագործվել է կամ չի օգտագործվել որևէ տեղեկագրական քարտի մեջ։ Խոսքը վերաբերում է անմշակ տեքստին, որ ինքնըստինքյան բավարար է և թույլ չի տալիս որևէ գործնական աշխատանք։ Ինչ վերաբերում է տեղեկատվական քարտերին, բոլորը տրամաչափած են հինգ        պարբերությունով, նույն ձևաչափով (չհաշված բացառությունները) և մոտավորապես ընդգրկում են 550 բառ։ Բանալի-բառերը նշված են թավատառերով։ Հասկանալի է, որ այս պարտադրանքները պահանջում են գրավոր հսկայական աշխատանք այնքանով, որքանով ձևի միաձուլումը չի կարող իրագործվել իվնաս բովանդակության։ Չեք պատկերացնի, այս նախասահմանված պարբերության կամ նույնիսկ մեկ նախադասության մեջ մնալու համար, որքան համառ ջանքեր են պահանջվում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է մի բարդ միտք վերականգնելուն, ինչպիսին հանդիպում ենք Մարկ Նշանյանի մոտ կամ Թաներ Ակշամի ճշգրիտ մի ցուցադրման մեջ։

Ինչու՞ քարտի ձևաչափն այդքան անսովոր է և կարող է շատ հրատարակիչների մոտ շփոթմունք առաջացնել։ Փաստորեն կարևոր էր զուգադրել վստահության հրամայականը հուսալիության հրամայականին։ Ակադեմիական գիտական աշխատանքներն իրենց բնույթով լինելով տարատեսակ, մանրակրկիտ, լաբիրինթոսային, ընթերցելու համար՝ ծանր, դժբախտաբար հակում ունեն հուսալքելու գործին անտեղյակ մարդուն։ Այնուամենայնիվ, քարտի կազմությունը թույլ կտա արագ գտնել ձեր հարցի պատասխանը և մի քանի րոպե ընթերցելուց հետո, այն ըմբռնել։ Դրանից բացի, կարելի է այս հանրագիտարանը, ինչ-որ չափով, լինի դա գծանման, թե հատվածաբար ընթերցումով կամ հետաքրքրության սահմաններում դեգերելով դրանց մեջ, սկսել բազմաթիվ գրառումների շնորհիվ։ Սա մի ձևաչափ է, որ նախատեսված է ձեզ հետաքրքրող ցանկացած գիտելիքին հագուրդ տալու համար։ Ավելացնեմ, որ հղումների հիշատակումը նպատակ ունի նաև ընթերցողին հրավիրելու ուղղակիորեն տեքստի ակունքում հետամուտ լինելու իր հետազոտմանը, որին նպաստել է ընտրած թերթիկը մշակելիս։ Իմիջի այլոց, ինչ վերաբերում է վստահությանը, հնարավորության դեպքում, միշտ ցանկացել եմ իմ տեքստերը ներկայացնել շահագրգիռ մարդկանց՝ սխալն ուղղելու կամ որևէ նրբերանգ նշելու համար, ինչպես Օնիկ Ժամկոչյանի, Օսման Քավալայի կամ Գեղամ Գևոնյանի պարագայում։

Nouvelles d’Arménie : Որքա՞ն ժամանակ է, ինչ աշխատում եք այս ծրագրի վրա։

Դընի Դոնիկյան :Մոտավորապես տասնհինգ տարի, սակայն ընդհատումներով, քանի որ ժամանակ առ ժամանակ կամ հիվանդությունն է եղել պատճառը, կամ սրանից լիովին տարբեր բնույթի գրքեր եմ գրել։ Պատահել է նաև, որ ցեղասպանության մասին նոր հրատարակումներ եմ պատրաստել հաճույքով։ Օրինակ, in extremis, ամիսներ շարունակ ընթերցելու ընթացքում ֆայլեր են ավելացել Թաներ Ակշամի վերջին գրքի « Սպանելու հրամաններ, Հայաստան 1915 թիվ », ինչպես նաև Սոնիա Օրֆալյանի՝ « Հայ երեխաների խոսքերի » կամ « թեկնածուն » Որբունու, որի երկու գործերն էլ այս տարի են լույս տեսել։

Nouvelles d’Arménie : – Կասկածներ ունե՞ք, որ բախտ կվիճակվի մի օր այս գիրքը հրատարակված տեսնել։

Դընի Դոնիկյան : Մի հայ հրատարակիչ առաջարկեց ինձ գիրք կազմել։Մինչ այդ նույնիսկ չէի մտածում, որ քարտային տեղեկագրերը կկարդան Le Monde-ում  ամեն տեղից իմ բլոգում (մինչ այդ, մյուսների բլոգի նման իմն էլ էր փակվել)։ Կամաց-կամաց հասկացա, որ նման աշխատանք ստեղծելը կապված է լինելու դժվարությունների հետ։ Սա ենթադրում էր, որ արգելք է դրվելու ոչ արհեստավարժների կողմից, որոնք կարող էին ծառայել այս գիրքը պաշտպանող գործընթացին։ Ավելի երջանիկ էի, երբ իմացա, որ գրքի ձեռագիրն հանձնելու եմ Geuthner հրատարակչությանը, որի տնօրեն Միրա Պրենսը դուստրն է վարպետ Մուսա Պրենսի, վերջինս առաջին հեղինակն էր, որ ներկայացրել էր հայկական ցեղասպանության իրավաբանական տեսանկյունները (քարտերից մեկը, իդեպ, նրան էր հատկացված)։ Պրոֆեսոր Ժերար Դեդեյանը տալով իր հավանությունը, մնում էր միայն գումար հայթայթել, իմանալով, որ փոքրիկ մի հրատարակչություն, որպիսին Geuthner էր, որքան էլ հեղինակավոր, լուրջ, մասնագիտական գրքեր էր հրատարակում, անկարող էր մեն-մենակ հոգալ նման ձեռնարկման ծախսերը։ Հիմնադրամներին ուղղված կոչը ավարտվեց երբեմն մերժումի, երբեմն համաձայնության տեսքով (ինչպես, ասենք Armenia կամ Donos Conseil ) մինչև այն օրը, որ ի հայտ եկան Կովիդ 19-ը, 2020 թվի պատերազմի պատճառով մարդասիրական արտակարգ դեպքերը, այս կամ այն մարդկանց առողջական խնդիրները, և սրանք պատճառ դարձան, որ հրատարակումը անհայտ ժամանակով չկայանա։

Nouvelles d’Arménie : Ե՞րբ իմացաք, որ գրքի հրատարակումը հնարավոր էր իրականացնել։

Դընի Դոնիկյան : Պարզվեց այն ժամանակ, երբ շատ հին բարեկամներս գործի լծվեցին։ Սկսած Մանուկ Պամոկջյանից ու նրա կնոջից՝ Աղավնիից, որոնք ֆինանսավորման ամենամեծ բաժինն իրենց վրա վերցրին, Մուսկարի սեփական հիմնադրամի միջոցով։ Անորոշության հետ կապված փակագծերը երկար ժամանակ անց բացելուց հետո, Մանուկը վճռական մտադրությամբ գործի դրեց ծրագիրն առաջ մղելու մտադրությունը։ Մի այլ ընկեր՝ գրաֆիկական դիզայներ Ռիչարդ Թագվորյանը, սկզբից ևեթ ձեռնամուխ եղավ այս գործի իրականացմանը, առաջնորդվելով արհեստավարժի սկզբունքների պահանջներով ու գեղագիտության բարձր չափանիշներով և մինչև վերջ հասցրեց մի տիտանական աշխատանք։ Ինչ վերաբերում է Իզաբել Ուզունյանին՝ պատկերագրական ուսումնասիրությունների պատասխանատուին, հրաշքներ գործեց, գրելով տարբեր երկրների անձանց, ձեռք բերելու լուսանկարներ,   ճշգրիտ տվյալներ կամ նաև իրավաբանական խնդիրներին լուծում տալու համար։ Նատալի Գրեյը ստանձնեց մի տեքստի սրբագրումը, որտեղ շատ տարրերից վեր են հանվում տվյալ մշակույթում տարածում ունեցող թակարդներ՝ առնչված դժվարին ընտրությունների հետ, կապված նաև հատուկ անունների ուղղագրության հետ։ Ինչպե՞ս չհիշատակել Ռաջիպ Զարաքոլուն, որ բարեկամական սկզբունքով հրաշալի նախաբան գրեց գրքի համար։ Եվ Դեֆնե Գյուրզոյին, որ թարգմանեց այն։  Նաև Ժորժ Ֆեստանին․ որ առաջին կարևորություն ներկայացնող հոդվածների նրա թարգմանությունը իմ որոշ ֆայլերի համար մեծ ծառայություն են մատուցել։ Կամ բոլոր նրանց, ովքեր լինելով տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, օգնության ձեռք մեկնեցին․ նրանց անուններն առանձին նշում եմ շնորհակալագրական ցանկում։ Հասկանալի է, որ, ի վերջո, այս փոքրիկ հանրագիտարանը, իր աշխատանքի բերումով, ավելի քիչ է պարտական Դընի Դոնիկյանին, քան մի ամբողջ թիմի։ Եվ, եթե նկատի առնենք այն բոլոր պատմաբաններին, գրողներին, արվեստագետներին, գիտնականներին, լուսանկարիչներին, իրավաբաններին և այլոց, ովքեր քարտեր կազմելու գործում օգնել են, ստիպված հանգում ենք հետևյալ եզրակացության, որ հայկական ցեղասպանության վերաբերյալ այս Փորքիկ հանրագիտարանը միմիայն կոլեկտիվ աշխատանքի արդյունք է։ Իմ այս աշխատանքը ամեն ինչով պարտական է նրանց։ Ես կարող էի լինել ընթերցողների համար Հայ դատի միջնորդ դերակատարներից մեկը միայն, ովքեր կցանկանային սեփականացնել տվյալ գիրքը՝ տալով նրան այնպիսի ճակատագիր, որ կապահովեր դրա փոխանցումը։

Վերջում ուզում եմ ավելացնել, որ նախատեսվում է այս գիրքը թուրքերեն թարգմանել։ Սա դատողության պես սառնաշունչ գիրք է, գիտակցաբար անկիրք ձևով ներկայացած և հունցված օբյեկտիվության լուրջ մտահոգությամբ։ Սա մի գիրք է, որն հիշեցնում է երեկվա արդարամիտ թուրքերի պատասխանատվությունը, ինչպես այսօրվա թուրք դեմոկրատները, որ առանց տատանվելու այդարդարամտության հարցում, վասն օբյեկտիվության հիշատակեցին 1915 թվի իրադարձությունների թուրքական տարբերակը։  Սակայն սա մի գիրք է նաև, որ այսօր մոլեգնելով թուրք հասարակության համառ ժխտումով ստիպված էր ընդդիմանալ զանգվածային փաստագրական թղթերով սնված մի հակագրոհով։

Nouvelles d’Arménie : Այսպիսի մարտահրավեր նետելու հաջողությունից հետո, ինչի՞ կարիք է զգացվում։

Դընի Դոնիկյան : Նույնքան լուրջ մի թեմայի շուրջ գրելուն, որտեղ հումորը, հեգնանքը, գրական հնարամտություններն ընդունելի չեն, դա հավասարազոր է անհնարին մի բանի, բայց նաև քայլ առ քայլ, մի քարտից մյուսին դժոխային օղակներով անցնելուն, առանց լուսավոր շրջանի հեռանկարի։ Այնուամենայնիվ, չէի ցանկանա, որ ինձ ընդունեին որպես մեկ գրքի հեղինակ։ Քանզի բոլորը չգիտեն, որ ես այլ գրքեր նույնպես գրել եմ, որոնք ոչ գրական բնույթի այս գրքի հետ հակապատկեր են կազմում։ Որպես օրինակ ասեմ, որ Հայաստանում այս տարվա վերջում լույս է տեսել աֆորիզմների իմ գիրքը, վերնագրված՝ «Կնոջ մարմնի ոգին»։ Բայց ձեր հարցին պատասխանելու համար, ասեմ, որ ավելի ու ավելի շատ եմ մտածում ցեղասպանության վերաբերյալ որոշ բանալի տարրեր թատրոն տեղափոխել, ավելի քիչ ներկայացնելով ամբիոնային ոճի տեսքով, այլ որպես համընդհանուր մեղադրանքի ձևով։ Մի ձևաչափով, որ իր տեսակով համապատասխանելու է ցեղասպանության ահավորությանը, որտեղ մահացածները գալու են անձամբ վկայություն տալու, որտեղ ոճրագործության ժառանգորդները և զոհերի ժառանգները անձայն բախվելու են։ Հիշեցնեմ, որ գրել եմ արդեն երկու թագերգություն, որպես նյութ ընտրելով ցեղասպանությունը,  դրանք լույս են տեսել SIGEST համարձակ հրատարակչության կողմից՝ «Հոգու կղզին» և «Երգող քահանայի գիշերը»։ Երկու թատերգություն, որոնք թարգմանված են արևելահայերեն և լիակատար ձևով աննկատ են մնացել ինչպես Հայստանում, այնպես էլ Ֆրանսիայում։ Սակայն, ի՜նչ փույթ։ Ես ստեղծել եմ այդ գրքերը, ցանկանալով, որ դրանք նույնիսկ իմ թոռներին պիտանի լինեն։

Հարցազրույցը վարեց Nouvelles d’Arménie հանդեսի տնօրեն Արա Թորանյանը

Դեկտեմբեր, 2021 թիվ

Ֆրանսերենից հայերեն թարգմանեց Նվարդ Վարդանյանը։

Laisser un commentaire »

Aucun commentaire pour l’instant.

RSS feed for comments on this post. TrackBack URI

Votre commentaire

Entrez vos coordonnées ci-dessous ou cliquez sur une icône pour vous connecter:

Logo WordPress.com

Vous commentez à l’aide de votre compte WordPress.com. Déconnexion /  Changer )

Photo Google

Vous commentez à l’aide de votre compte Google. Déconnexion /  Changer )

Image Twitter

Vous commentez à l’aide de votre compte Twitter. Déconnexion /  Changer )

Photo Facebook

Vous commentez à l’aide de votre compte Facebook. Déconnexion /  Changer )

Connexion à %s

Propulsé par WordPress.com.

%d blogueurs aiment cette page :