Ecrittératures

14 décembre 2021

Մկրտիչ Մաթևոսյանը… նորմալ հրատարակիչ չէ

Filed under: PORTRAITS — denisdonikian @ 3:27

 

mm

(Photo : European Union Prize for Literature.)

Երկար ժամանակ ես ապրել եմ այն համոզմամբ, որ Մկրտիչ Մաթևոսյանը՝ Մըգոն, հրատարակիչ է։ Այս հավատամքը մեզ վրա թանկ էր նստում՝ վեճեր, թյուրիմացություններ։ Ես նրան իմ աչքերով էի նայում՝ ելնելով արևմտյան հեղինակ լինելու իմ փորձից, մինչդեռ նա փոքրիկ քայլերով ինձ բերեց այն հասկացմանը, որ մի երկրում, որը նորմալ չէ, հրատարակիչը չի կարող լինել նորմալ։ Դա սկսվեց Թումանյանի Քառյակների իմ թարգմանության հրատարակումից, 2006թ.-ին, երբ ես իմ ձեռքերի մեջ վերցրի գրքեր՝ կապույտ կազմով և գրքեր՝ կարմիր կազմով։ Եվ, արևմտյան ոճով, ես նրան իմ զարմանքի մասին հայտնեցի: « Հայաստանը նորմալ երկիր չէ, ինչպես գիտես », – հանգիստ ասաց նա։  

Հայաստանը նորմալ չէր, քանի որ պատերազմը նոր էր ավարտվել, և երկիրն ապրում էր մեկ ուրիշ պատերազմի սպասման մեջ այնպես, կարծես թե այն երբեք չէր գալու։ Այս տեսակ՝ հաղթած և թաքնված պատերազմների միջև փակագծի մեջ մշակույթը միանշանակ զոհաբերված էր գոյատևման զոհասեղանի վրա։ Յուրաքանչյուրն այնքան մտահոգված էր առաջին անհրաժեշտության կարիքների բավարարմամբ, որ ոչ ոք գլուխ չուներ կարդալու։

Ահա այսպիսի մի թիանավ էր բարձրացել էր հայ ժողովուրդն իր անկախությունից ի վեր, և Մկրտիչ Մաթևոսյանը պետք է թիավարեր այն՝ գիրքը փրկելու համար, լռության մեջ, համառությամբ և համեստությամբ։ Պարզ ասված՝ եթե Նոբելյան մրցանակի արժանի մի վեպ գրվելիս լիներ, ինչպես Հեմինգուեյի « Ծերունին ու ծովը », դա կլիներ մի Մըգոյի 25-ամյա պատմություն, որ գրքեր սարքելով՝ միայնակ կռիվ է տալիս մշակութային ապաթիայի օվկիանոսի դեմ, որ գրավել է հայկական աշխարհը։

Միայնակ։ Այո, միայնակ՝ Խնկո Ապոր իր գրասենյակ-քարանձավում, փչելով իր ֆիլտրով Marlboro-յի քուլաները, կարծես թե իր և աշխարհի միջև մեգի վարագույր դնելու համար։

Մի հասարակության մեջ, որ մտավորականների կողմից վերակենդանանալու փոխարեն գազան գործարարների իշխանության տակ է հայտնվել, ուր գիշատիչ տնտեսությունը չնչին տեղ է թողնում նորարար նախաձեռնություններին, կառուցել նորմալ հրատարակչատուն նշանկում էր լինել ձեռնարկատեր, որ ընդունակ է խղճին դեմ գործարք անել, դիմել մեքենայությունների, ախպերության: Դրանք մութ հմտություններ են, որոնց Մըգոն միանգամայն օտար է: Թող նա ինձ ների իմ միամտության համար, որ սա հասկանալու համար ես այսքան երկար ժամանակի կարիք եմ ունեցել:

Ուրեմն, եթե Մըգոն նորմալ հրատարակիչ չէ, դա նրանից է, որ նա նողկում է ձեռնարկատեր լինելուց: Եվ եթե նա չունի ձեռնարկատիրոջ ընդունակություններ, դա նրանից է, որ նա թվեր չի սիրում : Իրականում, ասեմ ձեզ, եթե Մկրտիչ Մաթևոսյանը հաշվապահի գծեր չունի, ապա դա անկասկած շատ ավելի լավ է, քանի որ նրա պատրաստած գրքերը արևմտյան գրախանութների տաղավարներում երբեք չեն կարմրում:

Այսպես, պատրաստելով ուրիշների գրած գրքերը՝ Մըգոն 25 տարվա մեջ հաջողել է փրկել այն, ինչ միշտ եղել է իր առաջին կոչումը : Դա աչքի է զարնում : Բավական է պատահաբար տեսնել նրա ձևավորած շապիկները: Նրանց զուսպ ուժը և գրաֆիկական նրբությունը ինքնին իսկական գեղագիտական մանիֆեստ են : Եվ երբ հեղինակը նրան խնդրում է ավելի հեռուն գնալ իր տեխնիկական սխրանքներում, Մըգոն հրաշքներ է գործում : Փորձեք մի սեղանի վրա խառը լցնել Հայաստանում հրատարակված գրքեր, Մըգոյի գրքերը միանգամից իրենց նկատել կտան՝ իրենց ֆակտուրայի արդիականությամբ :

Հետևաբար, եթե Մկրտիչ Մաթևոսյանը հրատարակիչ չէ, ապա նա դրանով հաստատում է արտիստի իր լիարժեք կարգավիճակը : Եթե նա ինքն իրեն արգելում է լինել նորմալ հրատարակիչ, ապա դա նրանից է, որ ինքը հանճարեղ արտիստ է, որ պատրաստում է գրքեր, որոնք « խոսելու տեղ ունեն »: Նա գիտակցում է, որ իր հիմնական առաջադրանքը գեղեցիկ գիրք սարքելն է, ինչպես մեծ խոհարարն է ափսեն այնպես սարքում, որ աչք է շոյում: Հենց գիրքը նրա ձեռքերից դուրս է գալիս, գոյություն ստանում, իսկ Մըգոն որքան լավ, այնքան էլ վատ է դրա մասին իմաց տալիս, իսկույն արտիստը շղթայվում է մեկ այլ գրքով: Եվ եթե նա չի կարողանում իր գրքի շրջանառությունն ապահովել, ապա դա նրանից է, որ ինքը դրան համապատասխան խառնվածք չունի, իսկ Հայաստանի ենթակառուցվածքները և նաև հոգեկերտվածքը վատ կամ շատ քիչ են նպաստում մշակույթի ընդլայնմանը՝ գրքերի տարածման միջոցով :

Իմ մասով, ինչպե՞ս նրան երախտապարտ չլինել. Մըգոն կարողացել է գլուխ բերել իմ ամենադժվար գրքերը՝ դրանք ձևավորելով արվեստի գործերի պես : Կարող եմ նշել Ինքնակենսագրասյունը, Կրետեի ճանապարհը և այլն: Նրա ցուցաբերած հնարամտությունը անհերքելի է այն առումով, որ այս տեսակ նորարար և կատարելապաշտ « հրատարակիչներ » Ֆրանսիայում գնալով ավելի ու ավելի հազվագյուտ են դառնում:

Այժմ, Հայաստանում գրքին նվիրված լավ ու հավատարիմ ծառայությունների 25 տարիներից հետո, ինչպիսի՞ նոր ուղիներ նա պետք է բացի: Ոչինչ միտքս չի գալիս, քանի որ վերջին ողբերգական իրադարձությունները, որ երկիրը տեսավ, քաղաքացիների գլուխները շրջեցին դեպի այնպիսի հորիզոններ, որ ոչ մի գիրք չի կարող մեղմացնել կամ լուսավորել: Մշակույթն առաջնային չէ ամեն կողմից սպառնալիքի մեջ ապրող երկրում: Նույնիսկ եթե այն պետք է շարունակի գոյություն ունենալ գիտակցության խորքերում, և նույնիսկ եթե գրողների գրքերը կրկին գրվեն, և Մըգոն դրանք պատրաստի:

Սակայն ամեն գիրք իր ուղին միայնակ է հարթում: Նա գնում է այնտեղ, ուր ոչ ոք գլխի չէր ընկնի, որ կարող է գնալ: Նա հանդիպում է այն, ինչ ինքն է ուզում, այն ժամանակ, երբ ինքն է ցանկանում, և այնտեղ, ուր որ իրեն հաճելի է: Այդպիսով, գիրքը պահանջում է ընդամենը գոյություն ունենալ, որպեսզի կարողանա ցանել սեփական կյանքը:

 

Քանի որ Աստված մեծ է, իսկ Մըգոն՝ նրա հրատարակիչը:

Դընի Դոնիկյան

*

Ֆրանսերենից թարգմանությունը՝ Լիլիթ Մնացականյանի

Laisser un commentaire »

Aucun commentaire pour l’instant.

RSS feed for comments on this post. TrackBack URI

Votre commentaire

Entrez vos coordonnées ci-dessous ou cliquez sur une icône pour vous connecter:

Logo WordPress.com

Vous commentez à l’aide de votre compte WordPress.com. Déconnexion /  Changer )

Photo Google

Vous commentez à l’aide de votre compte Google. Déconnexion /  Changer )

Image Twitter

Vous commentez à l’aide de votre compte Twitter. Déconnexion /  Changer )

Photo Facebook

Vous commentez à l’aide de votre compte Facebook. Déconnexion /  Changer )

Connexion à %s

Propulsé par WordPress.com.

%d blogueurs aiment cette page :